12 հոկտեմբերի 2009 - 19:52 AMT
Նինկե Օմես. Հայաստանի Կենտրոնական բանկը սպասողական վիճակում է
ՀՀ Կենտրոնական բանկը սպասում է երկրի տնտեսության, ինչպես նաեւ համաշխարհային միտումների առումով իրավիճակի պարզեցմանը, ասել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցւոմ:
Ըստ Օմեսի, ԱՄՀ-ն դրական է գնահատում ԿԲ-ի քաղաքականությունն այն առումով, որ ԿԲ-ի Խորհրդի վերջին նիստում անփոփոխ է թողնվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 5 տոկոս: «Էկոնոմիկան աստիճանաբար կայունանում է, այդ մասին են վկայում վերջին ամսվա տվյալները, ուստի, այժմ ավելի լավ է չփոխել վերաֆինանսավորման տոկոսադրույքը»,-ասել է նա: Ինչպես նշել է Օմեսը, ԿԲ-ի ղեկավարությունը սպասում է թե ինչպես կզարգանա իրավիճակը տնտեսության մեջ եւ մեկ ամսից ԿԲ Խորհուրդը կրկին կվերանայի իր դիրքորոշումը, իսկ «այժմ ՀՀ ԿԲ-ն դադար է վերցրել»:
Միեւնույն ժամանակ, ըստ Օմեսի, անորոշության եւ սպասման պայմաններում համոզվածություն կա, որ երկրի անկման ամենացածր նիշն անցած է, սակայն 100-տոկոսանոց վստահություն դեռ չկա:
Ինչ վերաբերում է վերաֆինանսավորման տոկոսադրույքներին 2010թ., ապա ըստ Օմեսի, այդ մասին շատ բարդ է խոսել, քանի որ դժվար է կանխատեսել համաշխարհային տնտեսության հետագա զարգացումը, մասնավորապես, այն, թե ինչ զարգացումներ կլինեն ՌԴ տնտեսության մեջ, որից մեծապես կախված է ՀՀ տնտեսությունը:
Միաժամանակ ԱՄՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ, որպես կանոն, տեսականորեն վերաֆինանսավորման տոկոսադրույքը հանգեցնում է բանկային տոկոսադրույքների նվազեցմանը, ինչը, սակայն, իրականում տեղի չի ունենում Հայաստանում, անկախ նրանից, որ ՀՀ ԿԲ-ն ու կառավարությունը անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծում դրա համար, մասնավորապես, ավելացնելով բանկերի լիկվիդայնությունը: «Հայաստանի առեւտրային բանկերը կարծում են, որ ճգնաժամը դեռեւս շարունակվում է, եւ վարկերը կարող են չվճարվել»,-հավելել է նա:
Օմեսը հույս է հայտնել, որ մի քանի ամսից, երբ արդեն հստակ ակնհայտ կդառնա, որ տնտեսությունը կայունանում է եւ որոշակի աճի միտում կա, բանկերը կրկին կսկսեն ակտիվ վարկավորել: