14 հոկտեմբերի 2009 - 15:24 AMT
2010թ. փետրվարից Հայաստանը կարող է միանալ ISAF-ի գործողություններին Աֆղանստանում
2010թ. փետրվարից Հայաստանը կարող է միանալ Անվտանգության ապահովման միջազգային ուժերի (ISAF) գործողություններին Աֆղանստանում: Այդ մասին Երեւան-Բրյուսել հեռուստակամրջի ժամանակ հաղորդել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի գործողությունների վարչության պետ Էրիկ Սանդալը: «Մենք բանակցում ենք Հայաստանի հետ այդ հարցի շուրջ: Հայկական ուժերը կտեղակայվեն Աֆղանստանի հյուսիսում, Կունդուզ քաղաքում»,-ասել է Դաշինքի ներկայացուցիչը:

Իր հերթին ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը նշել է, որ այժմ Հայաստանի ISAF-ին միանալու գործընթացը իրավական բազայի համաձայնեցման փուլում է գտնվում: Ըստ Մկրտչյանի, դեռեւս որոշված չէ, թե որքան հայ զինծառայողներ կմասնակցեն ISAF-ի գործողություններին: «Հայկական ուժերը չեն մասնակցի մարտական գործողություններին, այլ կվերահսկեն անվտանգության ապահովումը Կունդուզի օդանավակայանում»,-ասել է ՀՀ-ում ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավարը:

Սամվել Մկրտչյանն ընդգծել է, որ Աֆղանստանում կայունության ու անվտանգության ապահավումը համընդհանուր խնդիր է: «Հայաստանի մասնակցությունը Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը շատ բարձր է գնահատվել: Հասկանալով դա, Հայաստանն որոշել է ընդլայնել իր մասնակցությունն Աֆղանստանում, ինչը մեր ավանդը կլինի միջազգային անվտանգության ապահովման գործում եւ կնպաստի ՀՀ Զինված ուժերի մասնագիտական մակարդակի բարձրացմանը»,-հայտարարել է ՀՀ-ում ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավարը: