14 հոկտեմբերի 2009 - 16:03 AMT
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անմիջականորեն կապված չէ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հետ, բայց, այնուամենայնիվ, այդ հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում անվտանգության եւ Ալյանսի հետ Հայաստանի հարաբերությունների վրա: Այդ մասին Երեւան-Բրյուսել հեռուստակամուրջի ընթացքում, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտնել է ՆԱՏՕ-ի միջազգային հավաքակազմի ներկայացուցիչ Լորենց Մայեր-Միննեմաննը:

«Հայ-թուրքական հարաբերությունները երկկողմ հարաբերություններ են եւ ըստ էության կապված չեն ՆԱՏՕ-ի հետ: Վերջին զարգացումները, անկասկած, դրական ազդեցություն կունենան տարածաշրջանում անվտանգության եւ Հայաստան-Ալյանս հարաբերությունների վրա»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի միջազգային հավաքակազմի ներկայացուցիչը: Միեւնույն ժամանակ նա ավելացրել է, որ վերջին 16 տարիների ընթացքում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ձեւավորվել են սերտ եւ ամուր հարաբերություններ, եւ պետք չէ ուղղակի զուգահեռներ անցկացնել հայ-թուրքական հարաբերությունների, ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամության եւ Ալյանսի հետ Երեւանի հարաբերությունների միջեւ: