14 հոկտեմբերի 2009 - 16:17 AMT
Վահան Շիրխանյան. Ստորագրված Արձանագրություններում, հնարավոր է, փոփոխություններ են ներմուծվել
Եթե Հայաստանը չփոխեր իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում, Թուրքիան կճանաչեր այն մոտակա ժամանակում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության վարչության անդամ Վահան Շիրխանյանը: Նրա խոսքով, Թուրքիան մշտապես գտնվել է նաեւ Եվրամիության, Եվրախորհրդարանի ու մի շարք այլ երկրների ճնշման ներքո: Նման ճնշման տակ Թուրքիան ստիպված կլիներ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա նաեւ նկատել է, որ իրենց հարգող ցանկացած իշխանությունները նախքան որեւէ լուրջ որոշում ընդունելը պետք է խորը հետազոտություն կատարեն եւ դրանից հետո արդյունքները ներկայացնեն ժողովրդին:

«Հայ-թուրքական սահմանի բացումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Գոնե մեկ օրինակ բերեք ինձ, թե ինչում է կայանում երկրների միջեւ սահմանի բացման շահը»,- նշել է Շիրխանյանը:

Ընդ որում, Շիրխանյանը կասկած է հայտնել, որ ստորագրված Արձանագրություններում, հնարավոր է, փոփոխություններ են ներմուծվել:

Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ Համլետ Հարությունյանն իր հերթին նկատել է, որ ոչ մի գերտերություն չէր կարողանա ազդել Թուրքիայի որոշման վրա` փոխել իր պատմական նկրտումներն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Նա մեկնաբանել է նաեւ Արձանագրությունների կետերից մեկը` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող սահմանի մասին, հայտնելով, որ Երեւանն արդեն ճանաչել է գոյություն ունեցող սահմաններն այն բանից հետո, երբ մտավ ՄԱԿ:

«Լեզուն դիվանագետին տրված է, որպեսզի կոծկի իր մտքերը: Փաստաթղթերի ենթատեքստում կոծկված է նրանց իրական նշանակությունը»,- նշել է Հարությունյանը: