14 հոկտեմբերի 2009 - 20:16 AMT
ATAA. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցման կարելի է հասնել միայն պատմության բարեխիղճ ուսումնասիրության միջոցով
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները հիմնված են «կառուցողական անպարզության» հայեցակարգի վրա, եւ յուրաքանչյուր կողմը կարող է Արձանագրությունները հօգուտ իր շահերի մեկնաբանել: Այդ մասին ասվում է Թուրք-ամերիկյան ընկերակցության վեհաժողովի (ATAA) հայտարարության մեջ: «ATAA հավատում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը երկու երկրների համար առաջ շարժվելու միակ հնարավորությունն է: Մենք ողջունում ենք համալիր հիմքի վրա բոլոր հարցերը լուծելու համար Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու` Արձանագրություններում ամրագրված ցանկությունը»,- նշվում է Վեհաժողովի հայտարարության մեջ:
Ընկերակցությունը գտնում է, որ ԱՄՆ թուրքերի համար տարածքային ամբողջականության մասին կետը կարեւոր նշանակություն ունի, քանի որ «Հայաստանի Սահմանադրությունն ու հայ քաղաքական գործիչները սխալականորեն տարածքային բողոքներ են ներկայացնում Թուրքիայի նկատմամբ: Ինչ վերաբերում է ստեղծվելիք պատմական հանձնաժողովին, ապա ATAA-ն գտնում է, որ «միայն պատմության բարեխիղճ ուսումնասիրության միջոցով կարելի է հասնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցման եւ լիկվիդացնել ԱՄՆ Կոնգրեսի բանաձեւերը, որոնք քաղաքական մոտիվացիա ունեն»: