16 հոկտեմբերի 2009 - 15:12 AMT
Դավիթ Շահնազարյան. Հայաստանի խորհրդարանը պետք է առաջինը վավերացնի Արձանագրությունները
«Սխալ են ՀՀ ղեկավարության այն պնդումները, թե ՀՀ ԱԺ-ն պետք է վավերացնի Հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայից հետո, քանի որ դրանով ցույց կտա աշխարհին, որ գործընթացը ղեկավարում է թուրքական կողմը, իսկ Հայաստանը միայն արձագանքում է»,-մամլո ասուլիսում ասել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:

Ըստ Շահնազարյանի, ՀՀ խորհրդարանը, հակառակը, պետք է առաջինը վավերացնի այդ փաստաթղթերն, այն պայմանով, որ եթե երկու ամսում Թուրքիայի խորհրդարանը նույն կերպ չվարվի, ապա ՀՀ ԱԺ-ի որոշումը չեղյալ կհայտարարվի: «Դա Թուրքիայի հանդեպ հայկական կողմի յուրատիպ ճնշումը կլինի, եւ Թուրքիան մանեւրելու հնարավորություն չի ունենա»,-ասել է ՀԱԿ-ի ներկայացուցիչը:

Նա նաեւ հավելել է, որ ժամանակային սահմանափակումները հնարավորություն չեն տա Թուրքիային կապել հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան հակամարտության հետ: «Եթե ՀՀ խորհրդարանը նման միջոցներ չձեռնարկի, դա կնշանակի, որ Հայաստանի ղեկավարությունը, իմանալով հայ-թուրքական հարաբերությունների կապի մասին Արցախի հակամարտության հետ, գործարքի է գնացել թուրքական կողմի հետ»,-պարզաբանել է Շահնազարյանը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Դավիթ Շահնազարյանը, չբացահայտելով տեղեկատվության աղբյուրները, նշել է, որ, ըստ առկա տեղեկությունների, այս տարի Հայատանն ու Ադրբեջանը շրջանակային համաձայնագիր կկնքեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: