16 հոկտեմբերի 2009 - 21:00 AMT
Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ առեւտրա-տնտեսական հարաբերությունների ներուժն ամբողջությամբ օգտագործված չէ
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարար, Հայ-ուկրաինական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վլադիմիր Նովիցկուն, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:
Ողջունելով հյուրին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայ-ուկրաինական տնտեսական հարաբերություններում կան զարգացման հնարավորություններ ու չօգտագործված մեծ ներուժ:
Վարչապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, ինչը կարող է նոր լիցք հաղորդել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամը հանգեցրել է 2009թ. առաջին կիսամյակում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալի նվազմանը, զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ ապրանքաշրջանառության ներկայիս մակարդակը չի համապատասխանում երկրների իրական տնտեսական ներուժին, եւ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այն ընդլայնելու համար, որում մեծ դեր կարող է ունենալ նաեւ Հայ-ուկրաինական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը:
Փոխադարձաբար անհրաժեշտ է համարվել համագործակցության ընդլայնումը մեքենաշինության, ավիացիայի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության եւ կրթության, տրանսպորտի, մշակույթի եւ առողջապահության ոլորտներում:
ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը կխթանի տնտեսական հարաբերությունների զարգացումը եւ նշել է, որ կան փոխշահավետ համագործակցության լայն հնարավորություններ: