17 հոկտեմբերի 2009 - 13:37 AMT
Վրաստանի հայկական կազմակերպությունները դեմ են Հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը
Հոկտեմբերի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպանատան մոտ տեղի է ունեցել բողոքի ցույց վերջերս ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների դեմ: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Վրաստանի հայ համայնքի մամլո կենտրոնում, ակցիան կազմակերպել էին Վրաստանի հայ համայնքը, Վրաստանի համագործակցության հայկական կենտրոնը եւ Վրաստանի հայ ուսանողների ասոցիացիան: Ակցիային միացել են Վրաստանի հայ վետերանների միության ներկայացուցիչները, ինչպես նաեւ Վրաստանի հայ հանրության ներկայացուցիչները:

Միջոցառման նպատակն էր կասեցնել այդ փաստաթղթերի վավերացումը, ցույց տալով Հայաստանի ղեկավարությանը, որ այս հարցը վերաբերում է ողջ հայ ժողովրդին: Եվ Վրաստանի հայերը եւս իրենց բողոքն են հայտնում աններելի եւ անուղղելի սխալի դեմ, որը կարող է զրկել հայերին պատմական արդարության իրավունքից:

Վրաստանում ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանին է փոխանցվել նամակը, որ հասցեագրված է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` Վրաստանի հայ համայնքի, Վրաստանի հայ ուսանողների ասոցիացիայի, Վրաստանի հայ վետերանների միության անունից, հաղորդում է Վրաստանի հայ համայնքի մամլո ծառայությունը: