17 հոկտեմբերի 2009 - 20:52 AMT
ICG. Թուրքիան կարող է օգնել Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցմանը
Այն ակնկալիքը, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պետք է հայ-թուրքական հաշտեցման հետ զուգահեռ ընթանա` անհեռանկարային է, քանի որ Հայաստանը կարող է օգտագործել Թուրքիայի կողմից այդ երկու գործընթացների շաղկապումը եւ ավելի կոշտ դիրք գրավի Ղարաբաղի բանակցություններում: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:
Նրա կարծիքով, Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը եւ իրագործումը կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հետզհետե վստահություն առաջացնել:
Ֆրեյզերը կարծում է, որ Թուրքիան կարող է օգնել Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցմանը: Դրանից կշահեն բոլոր երեք կողմերը: «Արձանագրությունները ստորագրելու համար պահանջվեց Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մասնակցությունը, նմանատիպ բարձր մակարդակի մասնակցություն կպահանջի նաեւ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացը», ընդգծել է նա: