19 հոկտեմբերի 2009 - 17:47 AMT
Անկարան չի ցանկանում Բաքվի հավերժ պատանդը լինել
«Եթե լավատես լինենք, կարելի է ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ սահմանի բացումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը: Դա կարող է կոտրել թուրքերի հանդեպ հայ հանրության շրջանում արմատացած կարծրատիպերը»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Conciliation resources կազմակերպության կովկասյան նախագծերի մենեջեր Լորենս Բրոերսը:
Նրա խոսքերով, չնայած, որ Թուրքիան երկար տարիներ սատարում էր Ադրբեջանի ղարաբաղյան հակամարտության հարցում , հարկավոր է հասկանալ, որ Անկարան չի ցանկանում, որ իր արտաքին քաղաքականությունը Բաքվի պատանդը լինի: «Այսօր դժվար է ասել, թե իրականում ինչ ազդեցություն ունի Ադրբեջանը Թուրքիայի վրա: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների ստորագրումը ցույց տվեց, որ ճնշումն այնքան ուժգին չէ, որքան թվում է»,-ասել է Conciliation resources-ի ներկայացուցիչը:
Բրոերսը կարեւորել է նաեւ շփումների հաստատումը Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունների միջեւ, նկատելով, որ շփումները Հայաստանի ու Թուրքիայի միջեւ քաղաքացիական հասարակության մակարդակով աստիճանաբար իր արդյունքներն է տալիս: