19 հոկտեմբերի 2009 - 22:03 AMT
Թուրքիայի էներգետիկայի նախարարը կոչ է արել Բաքվին չկապել էներգետիկ նախագծերը քաղաքականության հետ
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը կոչ է արել Բաքվին չկապել էներգետիկ նախագծերը քաղաքականության հետ: Ադրբեջանի նախագահը վերջերս հայտարարել էր, որ ադրբեջնական կողմը կբարձրացնի Թուրքիա առաքվող գազի գինը:
«Մենք երբեք չենք ցանկանա, որ Ադրբեջանը գումարներ կորցնի: Սակագների վերանայման շուրջ բանակցությունները արգելափակվեցին կարճ ժամանակով: Մենք ներկայացրեցինք մեր առաջարկները, եւ բանակցությունները շարունակվում են»,-ասել է Յիլդիզը: Էներգետիկայի նախարարը, մեկնաբանելով Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, որ Թուրքիան ստիպված է կրճատել տարանցման վճարումները ադրբեջանական գազի համար, նշել է, որ Ադրբեջանի նախագահը սխալ է տեղեկացվել այդ հարցի շուրջ: «Բոլորին է հայտնի, որ Թուրքիան ցածր սակագնով էր գնում ադրբեջանական գազը, այլ երկրների համեմատ»,-ասել է էներգետիկայի նախարարը` հավելելով, որ Թուրքիան երբեք այնպիսի համաձայնգիր չի կնքի Հայաստանի հետ, որը կարող է վնասել Ադրբեջանին, հաղորդում է Anatolian News Agency-ն: