21 հոկտեմբերի 2009 - 19:02 AMT
ՀՅԴ կոչ է անում Արձանագրությունների վավերացման հետ կապված պայքարը չվերածել շահարկման առարկայի
«Հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը դադարեցնելու համար հարկավոր է, որպեսզի Հայաստանի քաղաքական ուժերը վճռականություն եւ սկզբունքայնություն ցուցաբերեն»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:

Շահբազյանի խոսքով, Հայաստանի ընդդիմական ուժերը չպետք է այդ հարցը վերածեն շահարկման առարկայի, քանի որ ազգային հարցերում պետք է լիակատար համաձայնություն պահպանել:

Լրագրողների հարցին այն մասին, թե ներկայիս փուլում որքան է հավանական Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) եւ Դաշնակցության գլխավորած ընդդիմական բլոկի միավորումը, Շահբազյանը պատասխանել է, որ բլոկը բաց է բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք կիսում են իր մտավախությունները, բայց բացառապես համագործակցության համար:

ՀՅԴ խմբակցության քարտուղարը նաեւ հաղորդել է, որ հոկտեմբերի 23-ին ՀՅԴ կհրապարակի իր համագործակցության պլատֆորմը: