22 հոկտեմբերի 2009 - 02:13 AMT
Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Ջոն Ենսայնը ԱՄՆ Սենատ են ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ, Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից, սենատոր Ռոբերտ Մենենդեսը եւ Ջոն Ենսայնը ԱՄՆ Սենատ են ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւը: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ողջունում է այդ սենատորների քայլը:
Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատ կոնգրեսակններ Ադամ Շիֆի, Ջորջ Ռադանովիչի, ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցության խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն ու Մարկ Կիրկը: Բանաձեւի կողմնակիցների ցուցակին են միացել արդեն Կոնգրեսի 130 անդամներ:
ANCA-ի մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը PanARMENIAN.Net-ին հաղորդել է, որ Սենատ փոխանցելով բանաձեւը, Ռոբերտ Մենենդեսն ասել է հետեւյալը. «Մենք կարող ենք խաղաղ ապագա ստեղծել միայն այն բանից հետո, երբ ճանաչենք պատմության մութ էջերը եւ դասեր քաղենք անցյալից: 1,5 միլիոն հայեր դժոխքով են անցել եւ նրանց աղետալի վիճակի անտեսումը վիրավորում է նրանց հիշատակը եւ նրանց ժառանգներին: Արդեն բավական տեւական ժամանակ է ինչ մեր ազգը փորձում է պատմական արդարության հասնել եւ օգնել կանխել ապագա ոճրագործությունները»:
Սենատոր Ենսայնն իր հերթին ընդգծել է, որ, միայն միավորելով ջանքերը եւ պնդելով, որ հայ ժողովրդի հանդեպ Ցեղասպանություն է իրագործվել, կարելի է հստակ ազդանշան հղել միջազգային հանրությանը, որ Ամերիկան աչք չի փակի անցյալի հանցագործությունների վրա:
«Ամերիկահայերի անունից մենք շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման ու դատապարտմանն ուղղված սենատորների ջանքերի համար»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: