22 հոկտեմբերի 2009 - 14:19 AMT
Աբդուլլահ Գյուլն ու Իլհամ Ալիեւը փորձել են վերացնել լարվածությունը թուրք-ադրբեջանական հարաբերություններում
Երեկ տեղի է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Աբդուլլահ Գյուլի եւ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը փորձել են վերացնել վերջերս թուրք-ադրբեջանական հարաբերություններում հաստատված լարվածությունը: Գյուլը տեղեկացրել է Ալիեւին ԱՄՆ եւ ՌԴ-ի նախագահներ Բարաք Օբամայի ու Դմիտրի Մեդվեդեւի հետ ունեցած զրույցի մանրամասների եւ Կովկասում կայունության ու խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի մասին:

Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները նշել են, որ այն պատկերացումները, թե թուրք-ադրբեջանական հարաբերությունները թուլացել են, սխալ են, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

Լարվածությունը Անկարայի ու Բաքվի միջեւ հարաբերություններում առաջացավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ֆոնի վրա: Ադրբեջանը սպառնացել է Թուրքիային բարձրացնել Թուրքիա առաքվող ադրբեջանական գազի սակագները, եւ նույնիսկ հայտարարել է Nabucco նախագծին մասնակցելուց հրաժարվելու պատրաստակամության մասին: