22 հոկտեմբերի 2009 - 17:28 AMT
Չի բացառվում, որ Թուրքիայի Անվտանգության խորհուրդն արդեն Արձանագրությունների վավերացման վերաբերյալ որոշում է կայացրել
Չի բացառվում, որ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն օրերս կայացած նիստի ժամանակ արդեն որոշում է կայացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վավերացման ժամկետների վերաբերյալ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: «ԱԱԽ նիստը տեւեց մոտ 7 ժամ, եւ այդ ընթացքում մասնակիցները քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների հարցերի լայն շրջանակ: Խորհուրդն իր համար արդեն ընդունել է որոշում, բայց հասկանալի է, որ այդ մասին հրապարակավ չի հայտարարվի»,- ասել է փորձագետը:

Կարեն Բեքարյանի խոսքով, կան թուրքական խորհրդարանում Արձանագրությունների վավերացման մի քանի սցենարներ: «Արդեն հայտարարվել է, որ սկզբում Արձանագրությունները կներկայացվեն խորհրդարանի արտաքին հարաբերությունների գծով հանձնաժողով, այնուհետեւ կուղարկվեն պլենարային նիստին քննարկվելու եւ քվեարկության: Այստեղ արդեն պարզ չէ, թե ինչպես կընթանա քվեարկությունը` փակ, թե բաց կերպով»,- նկատել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահը:

Խոսելով սահմանի բացման հնարավոր ժամկետների մասին` Կարեն Բեքարյանը մատնանշել է, որ դրան սպասում է 2010թ. փետրվարին: «Հայ-թուրքական գործընթացից հրաժարվելը կամ էլ դրա ձախողումը կհանգեցնի համաշխարհային խաղացողների ճնշմանը Թուրքիայի վրա, ինչը պակաս ներքին խնդիրներ չի առաջացնի Անկարայի համար: Հետեւաբար, թուրքական կողմին շահեկան է Արձանագրությունների վավերացման ու սահմանի բացման միջին տեմպը»,- ասել է փորձագետը: