22 հոկտեմբերի 2009 - 21:25 AMT
Հայկական կողմը հրաժարվեց քննարկել ղարաբաղյան հիմնահարցը ադրբեջանցի պատգամավորների հետ
Հայ եւ ադրբեջանցի պատգամավորների հանդիպմանը ղարաբաղյան հիմնախնդիրը չի քննարկվել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՅ Դաշնակցություն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքով, հայկական կողմը հրաժարվել է քննարկել այդ հարցն առանց ղարաբաղյան կողմի մասնակցության:

«Հանդիպումը բավական կառուցողական էր: Հիմնականում դիտարկվում էին հումանիտար հարցեր, առողջապահության եւ մշակույթի ոլոչտներում փոխգործակցության հնարավորություններ, ինչպես նաեւ միջխորհրդարանական համագործակցության հնարավորությունը»,- ասել է Վահան Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկու ինքնավար պետություններ են, որոնք բացի ղարաբաղյան հակամարտությունից շատ այլ խնդիրներ ունեն, որ պետք է լուծել: «Ադրբեջանական կողմը միշտ պնդել է, որ մինչեւ ղարաբաղյան հակամարտությունը չլուծվի, երկրների միջեւ ոչ մի երկխոսություն չի լինելու, իսկ մենք հակառակն ենք կարծում»,- նշել է Հովհաննիսյանը` ավելացնելով, որ երկխոսության օգնությամբ կողմերը կկարողանան ազատվել արհեստականորեն ստեղծված թշնամու կերպարից: