23 հոկտեմբերի 2009 - 11:30 AMT
Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչն ողջունում են ԱՄՆ Սենատում ներկայացված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը
ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հեղինակներ եւ ակտիվ կողմնակիցներ Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ողջունում են ԱՄՆ Սենատում ներկայացված 252-րդ բանաձեւը Հայոց ցեղասպանության մասին: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած Ամերիկայի Հա Դատի հանձնախմբի (ANCA) հաղորդագրության մեջ:
«Մենք ողջունում ենք մեր գործընկերների հեռատեսությունը` ներկայացնել այս կարեւոր բանաձեւը Սենատում: Փաստերը շատ պարզ են եւ կասկած չկա, որ մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում 1,5 մլն հայ է ոչնչացվել: ԱՄՆ-ն պարտավոր է այդ սարսափելի իրադարձությունները ցեղասպանություն ճանաչել»,-ասվում է կոնգրեսականների համատեղ հայտարարության մեջ:
Ա.Շիֆն ու Ջ.Ռադանովիչը պատրաստակամություն են հայտնել բոլոր ջանքերը գործադրել կոնգրեսականների ու սենատորների, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հետ միասին, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն ընդունվի ինչպես Սենատում, այնպես էլ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում:
«Մենք միանում ենք կոնգրեսականներ Ադամ Շիֆին եւ Ջորջ Ռադանովիչին, ինչպես նաեւ սենատորներ Ռոբերտ Մենենդեսին ու Ջոն Էնսայնին եւ առաջիկայում համագործակցություն ենք ակնկալում ինչպես Սենատի, անպես էլ Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչների հետ»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Հոկտեմբերի 21-ին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Ջոն Էնսայնը ԱՄՆ Սենատ են ներկայացրել 252-րդ բանաձեւը Հայոց ցեղասպանության մասին: