23 հոկտեմբերի 2009 - 17:23 AMT
Թուրքիան դժվար թե վավերացնի Արձանագրությունները մինչեւ ապրիլի 24-ը
Թուրքական խորհրդարանը դժվար թե վավերացնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները մինչեւ 2010թ. ապրիլի 24-ը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՅ Դաշնակցության քաղաքական հարցերով «Հայ Դատ» Կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Եթե նախքան ապրիլի 24-ը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնագիր չստորագրեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների հիման վրա, Արձանագրությունները դժվար թե վավերացվեն թուրքական խորհրդարանի կողմից: Չի բացառվում, որ Արձանագրությունները չվավերացվեն անգամ 2010թ.»,- ասել է Կիրո Մանոյանը:
Նա նկատել է նաեւ, որ 2010թ. փետրվար-մարտ ամիսներին Անկարան որոշակի դիվանագիտական հնարքների կդիմի, որպեսզի աշխարհին ապացուցի, որ Հայաստանի հետ գործընթացը շարունակվում է, եւ երրորդ երկրներն ավելի լավ է չխանգարեն այդ երկխոսությանը Հայոց ցեղասպանության մասին հնարավոր բանաձեւերով: «Եթե չլիներ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, Թուրքիան պակաս ցանկություն կունենար կարգավորելու Հայաստանի հետ հարաբերությունները»,- ընդգծել է «Հայ Դատի» ղեկավարը` ավելացնելով, որ ՀՅԴ-ն կանի ամեն հնարավոր բան, որպեսզի թույլ չտա Արձանագրությունների վավերացումը: