23 հոկտեմբերի 2009 - 20:42 AMT
Վահան Հովհաննիսյան. Հայ եւ ադրբեջանցի պատգամավորների հաջորդ հանդիպումը դեռեւս նշանակված չէ
Հայ եւ ադրբեջանցի պատգամավորների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռեւս նշանակված չէ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՅ Դաշնակցություն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, մոսկովյան հանդիպման ժամանակ որոշվեց շարունակել երկու երկրների պատգամավորների մասնակցությամբ քննարկումները: Ինչպես հաղորդել է Միլլի Մեջլիսի պատգամավոր, Մոսկվայում հայ խորհրդարանականների հետ հանդիպման մասնակից Սաբիր Գաջիեւը, կողմերի միջեւ հաջորդ հանդիպումը կարող է կայանալ կամ Բաքվում, կամ էլ Երեւանում:

«Չի բացառվում նաեւ, որ հանդիպումը կրկին տեղի կունենա Մոսկվայում: Ամեն դեպքում դա կախված կլինի հանդիպման նախապատրաստությունից: Գլխավորը, որ քննարկումների ընթացքում յուրաքանչյուրը խոսում էր երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման կարեւորության մասին»,- ասել է Սաբիր Գաջիեւը:

Հոկտեմբերի 22-ին ՌԴ Պետական դումայի նախաձեռնությամբ Մոսկվայում կայացավ ադրբեջանցի եւ հայ պատգամավորների հանդիպումը: