24 հոկտեմբերի 2009 - 22:31 AMT
Պիետրո Գեդին. Իտալիայի ու Հայաստանի խաղերի մակարդակի տարբերությունը շատ մեծ է
«Ես երջանիկ եմ խաղի արդյունքի կապակցությամբ: Մարզադաշտն ուղղակի հիանալի էր: Չնայած, որ մենք այսօր խաղում էինք մեր հնարավորությունների 70 տոկոսով, ես գոհ եմ խաղից: Հայաստանի հավաքականը վատ չէր նայվում այսօր, եւ ես կարծում եմ, որ հաշիվը չի համապատասխանում խաղին: Ես տեսել էի Հայաստանի հավաքականի խաղը 3 ամիս առաջ` մինի-մրցաշարում, եւ նա լավ տպավորություն էր գործել: Անշուշտ, Իտալիայի ու Հայաստանի հավաքականների խաղի մակարդակի տարբերությունը շատ մեծ է, սակայն այս խաղում, ես կարծում եմ, օրինաչափ կլիներ»,-ասել է Գեդինը:
Գեդինը, իմանալով, որ Հայաստանում չկա կանանց ֆուտբոլի լիգա, նշել է, որ Իտալիայում եւս քիչ են ֆուտբոլով զբաղվող աղջիկները, ընդամենը 13 000-ն են:
«Իտալիայի կանանց բարձրագույն լիգայի առաջնությանը շուրջ 12 ակումբ է մասնակցում, իսկ առաջին դիվիզիոնում` 24 ակումբ: Իտալիայում ֆուտբոլով են զբաղվում ընդամենը 13 000 աղջիկներ, ինչը Գերմանիայի համեմատ, որտեղ դրանց թիվը հասնում է 1 միլիոնի, գրեթե ոչինչ է, սակայն Իտալիայի հավաքականը եվրոպական վարկանիշային աղյուսակով 7-րդ տեղն է զբաղեցնում, իսկ աշխարհի հավաքականների շրջանում զբաղեցնում է 13-րդ տեղը»,-ասել է Իտալիայի հավաքականի մարզիչը:
Վերջում իտալուհիների մարզիչն իր կարծիքն է հայտնել Սլովենիայի հավաքականի մասին, որի հետ Հայաստանի հավաքականը հանդիպելու է հոկտեմբերի 27-ին:
«Սլովենիայի հավաքականը լավ թիմ է, խաղում է կարճ փոխանցումներով, հաճախ ճնշում է մրցակցին, իսկ անցյալ տարի այդ թիմը խաղացել է Ուկրաինայի հավաքականի դեմ փլեյ-օֆում` Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալու համար: Ինչ վերաբերում է մեր թիմին, ապա մենք հաղթել ենք ընտրական փուլի բոլոր երեք խաղերում եւ կաշխատենք հաջող հանդես գալ առաջիկա խաղերում: Ճանապարհը դեպի աշխարհի առաջնության եզրափակիչ դյուրն չէ: Մենք խաղացել ենք եւ շարունակում ենք խաղալ հարձակողական ֆուտբոլ, եւ, ի տարբերություն Իտալիայի տղամարդկանց հավաքականի, շեշտը չենք դնում պաշտպանության վրա»,-ասել է Գեդինը: