27 հոկտեմբերի 2009 - 16:54 AMT
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կկայունացնի Հարավային Կովկասը
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի Հարավային Կովկասի կայունացմանը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը լուրջ փոփոխություններ է ենթադրում տարածաշրջանում: Ակնհայտ է, որ Վրաստանի դերը` որպես փոխադրող երկիր, կնվազի եւ որոշ ծրագրված նախագծեր ռիսկի տակ կհայտնվեն»,- ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով, կնկատվեն տարածաշրջանում Իրանի դերի հետ կապված փոփոխություններ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, քաղաքագետի կարծիքով, Երեւանի ու Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման դեպքում Ադրբեջանի դիրքերը զգալիորեն կթուլանան:

Խոսելով հայ-թուրքական երկխոսության վրա արտաքին ճնշման մասին` Կովկասի Ինստիտուտի տնօրենը նկատել է, որ Անկարայի վրա ամերիկյան ճնշումը միշտ էլ էական գործոն է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, եւ որպես դրա վառ օրինակ է բերել Արձանագրությունների ստորագրման արարողությունը Ցյուրիխում:

Պատասխանելով Թուրքիայի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ դառնալու հնարավորության մասին հարցին` Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծել է, որ ներկա աշխարհաքաղաքական իրադրության մեջ այդ մասին խոսելը պարզապես անիրատեսական է: