29 հոկտեմբերի 2009 - 13:15 AMT
Ոստիկանությունը թույլ չի տվել ցուցարարներին մոտենալ երկրի նախագահի նստավայրին
Պատգամավոր Զարուհի Փոստանջյանի («Ժառանգություն» խմբակցություն) կազմակերպած բողոքի ցույցը Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ ավարտվել է նրանով, որ ցուցարարներին ցրել են: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, ոստիկանությունը թույլ չի տվել ակցիայի մասնակիցներին մոտենալ երկրի նախագահի նստավայրին: «Մեր դեմ ուժ են կիրառել` գործելով հակասահմանադրական ճանապարհով: Ոստիկանությունը խախտել է Երթերի, հանրահավաքների եւ ցույցերի մասին օրենքը: Այնուամենայնիվ, մենք կշարունակենք մեր պայքարը»,-հայտարարել է Փոստանջյանը` հավելելով, որ ակցիաները շարունակական են լինելու:

Ակցիային միացել է նաեւ նույն խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը, որը ոստիկանի հետ զրուցելուց հետո, ասել է, որ ցուցարարներին թույլ չեն տվել մոտենալ նստավայրին, քանի որ «այնտեղ կարեւոր միջոցառում էր անցնում եւ ցուցարարների ներկայությունն աննպատակահարմար էր»: «Ակցիայի մասին գիտեր երկրի վարչապետը, սակայն, այնուամենայնիվ, ցուցարարներին թույլ չտվեցին մոտենալ նստավայրին»,-ասել է Լարիսա Ալավերդյանը :

Ցույցին մասնակցել է շուրջ 20 մարդ, որոնք Կառավարության տնից երթով անցել են մինչեւ խորհրդարան` վանկարկելով «Ոչ հայ-թուրքական արձանագրություններին»: