30 հոկտեմբերի 2009 - 12:22 AMT
Հայաստանը երբեք հարցականի տակ չի դրել եւ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը
Հայաստանն երբեք հարցականի տակ չի դրել եւ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այժմ աշխարհում Հայոց ցեղասպանության մասին նյութերի ու հրապարակումների մի հսկայական հոսք կա: Այդ հոսքում, անշուշտ, կան մի քանի հրապարակումներ, որտեղ չի նշվում «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը, սակայն դա եղել է նաեւ նախկինում»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Է.Նալբանդյանը հավելել է, որ համաձայն չէ այն պնդումների հետ, թե այդ բացառությունները կարող են վկայել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի կասեցման համընդհանուր միտման մասին:

Մեկնաբանելով Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ներկայացումը ԱՄՆ Սենատում, ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ պաշտոնական Երեւանը միշտ ողջունել է Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն աշխարհի այլ երկրների կողմից: «Արդեն աշխարհի շուրջ 20 երկիր է ճանաչել այդ պատմական փաստը, որը վերաբերում է ոչ միայն հայ ժողովրդին, այլ նաեւ ողջ մարդկությանը: Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է հետագայում կանխել մարդկության դեմ նման ոճրագործությունները»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Վերջերս Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դրեցին հայտնի կանադական Embassy magazine հանդեսն ու հեղինակավոր շվեդական Metro եւ Svenska Dagbladet թերթերը: Արձանագրությունների ստորագրումից հետո Embassy magazine-ն իր հոկտեմբերյան համարում հոդված էր հրապարակել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի հայերը գործարքի գնացին եւ կստեղծեն համատեղ պատմական հանձնաժողով, որոշելու համար, թե իրականում ինչ է կատարվել 1915 թվականին»: Հրապարակման մեջ հեղինակը գալիս է այն եզրակացության, որ «այն, ինչ կատարվել է հայ բնակչության հետ Օսմանյան կայսրությունում, ցեղասպանություն չի եղել»: