30 հոկտեմբերի 2009 - 17:17 AMT
Թուրքիան սկսել է ավելի լուրջ վերաբերվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը
Սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ վարչակազմը երկրի նախագահի գլխավորությամբ հանդես է գալիս Հայոց ցեղասպանության իրագործման մեղավորներին պատժելու օգտին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, այդ հանգամանքը Թուրքիային ստիպում է ավելի զգույշ եւ լուրջ վերաբերվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Որպես փաստարկ հայ թուրքագետը բերեց Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմետ Դավութօղլուի հայտարարություններն այն մասին, որ Թուրքիան մտադիր է արագացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Ռուբեն Սաֆրաստյանը նշել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղմացած դիրքորոշումն ու հեռտորությունը երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման առնչությամբ: «Այդ կապակցությամբ Էրդողանն ավելի զգույշ է դարձել Հայաստանին վերաբերող իր հայտարարություններում»,- նշել է հայ թուրքագետը:
«Որքան Արձանագրություններն արագ մտնեն ուժի մեջ, այնքան լավ: Ըստ իս, դրանց իրականացումը կնպաստի Հայաստանի զարգացմանը»,- ընդգծել է Սաֆրաստյանը: