30 հոկտեմբերի 2009 - 18:04 AMT
Հնդկաստանի հայկական համայնքը զգալի ներդրում է կատարում հնդկական հասարակության զարգացման գործում
Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Աչալ Կումար Մալհոթրան Երեւանում իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահ Սարգսյանն ասել է. «Ճշմարտություն է, որ մեր երկրների միջեւ հարաբերությունները շատ լավ են զարգանում եւ բարեկամական են, ճշմարտություն է նաեւ այն, որ մենք ցանկանում ենք դրանք հնարավորինս խորացնել: Մեր ժողովուրդները միմյանց գիտեն վաղուց` գրեթե հինգ հարյուր տարի. հարաբերությունների ներկա մակարդակը խոսում է այն մասին, որ այդ ընթացքում չենք ունեցել լուրջ խնդիրներ, եւ տարիների փորձը մեզ համար օգտակար է նաեւ այսօր»:

Սերժ Սարգսյանի խոսքով` «հնդկահայ համայնքն ամենանշանակալի եւ ծանրակշիռ համայնքներից մեկն է, եւ պատահական չէ, որ Հնդկաստանում է առաջին անգամ հրատարակվել հայատառ թերթ»:«Պատմական խորը արմատները եւ երկու երկրների միջեւ խնդիրների բացակայությունը լավ հիմք են, որպեսզի մենք լավատես լինենք մեր հարաբերությունների ապագայի հանդեպ»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Դեսպան Մալհոթրան իր հերթին նշել է, որ երկու երկրների միջեւ կա գերազանց փոխըմբռնում, եւ Հնդկաստանի կառավարությունը մտադիր է ավելի ամրապնդել կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում: Խոսելով երկու ժողովուրդների միջեւ դարեր շարունակ գոյություն ունեցող փոխհարաբերությունների մասին` դիվանագետն ասել է, որ հայ առեւտրականները հնդկական շուկաները հայտնաբերել են շատ ավելի վաղ, քան եվրոպացիները: Նա կարեւորել է հնդկահայերի մեծ դերը երկրի պատմության ողջ ընթացքում եւ շեշտել, որ նրանք այսօր էլ էական ներդրում ունեն Հնդկաստանի բազմակրոն, բազմամշակույթ ու բազմադեմ հասարակության մեջ:

Սերժ Սարգսյանը կարեւորել է քաղաքական հարաբերությունների ամրապնդումը տնտեսական կապերով: Դեսպան Մալհոթրան ասել է, որ իր երկիրը մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտում մեծ առաջընթաց է գրանցել եւ հուսալի գործընկեր է:

Կողմերը գոհունակությամբ փաստել են նաեւ միջազգային ատյաններում հայ-հնդկական բավականին արդյունավետ համագործակցությունը, եւ երկու երկրների համար կարեւորագույն հարցերի շուրջ միմյանց հավասարակշիռ վերաբերմունքը:

Հաջողություն մաղթելով նորանշանակ դեսպանին` նախագահ Սարգսյանըհույս է հայտնել, որ նա կարեւոր ներդրում կունենա երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման ու խորացման գործում, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: