30 հոկտեմբերի 2009 - 19:33 AMT
Հայաստան. Չնայած ճգնաժամին, գիտական ոլորտի համար նախատեսված միջոցները չեն կրճատվելու
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենք: Երկրի ղեկավարը շրջել է հիմնանորգված շենքում, ծանոթացել կատարված աշխատանքի որակին: Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքի հիմնանորոգումը կատարվել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով:
Շենքում տեղադրվել է նաեւ ջեռուցման համակարգ, ժամանակակից էլեկտրատեխնիկակական սարքավորումներ:
Իրականացրած աշխատանքի համար «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Կարապետյան ընտանիքը պարգեւատրվել է ՀՀ ԳԱԱ-ի ոսկե մեդալով:
Հանրապետության նախագահը հանդիպել է նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամների հետ: Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները ընթացքի մեջ են: Նշելով, որ գիտության ոլորտը շարունակում է պետության համար մնալ գերակայություն` Սերժ Սարգսյանն ասել է. «Մեր նպատակը գիտահենք եւ գիտատար տնտեսության զարգացումն է, իսկ դա պահանջում է համապատասխան ուշադրություն»: Նրա խոսքով` չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած դժվարություններին, թե 2009, եւ թե 2010 թվականների պետական բյուջեներով գիտության համար նախատեսված միջոցները չեն կրճատվելու: Սերժ Սարգսյանը պատասխանել է նաեւ գիտնականներին հետաքրքրող հարցերին: