30 հոկտեմբերի 2009 - 21:00 AMT
Հայաստանի Պաշտպանության նախարարության կոլեգիան քննարկել է ՀՕՊ եւ ռազմական ավիացիային վերաբերող հարցեր
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ անցկացվեց ՊՆ Կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին հակաօդային պաշտպանության եւ ավիացիայի համակարգին վերաբերող հարցեր:

Նիստի ընթացքում ելույթներ ունեցան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ս. Գալստյանը, զորամիավորումների հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների պետեր, ավիացիոն զորամասերի հրամանատարներ, ովքեր իրենց զեկույցներում անդրադարձան հակաօդային պաշտպանության եւ ռազմական ավիացիայի հրատապ լուծում պահանջող խնդիրներին:

Ամփոփելով Կոլեգիայի նիստի աշխատանքները` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանգամանալից խոսեց զորատեսակների անձնակազմերի մասնագիտական պատրաստության կատարելագործման, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի համալիր վերազինման եւ արդիականացման, մարտական պատրաստության գործընթացի արդյունավետ կազմակերպման մասին: Հետագա անելիքների կազմակերպման վերաբերյալ հրամանատարական կազմին տրվեցին համապատասխան հանձնարարականներ, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: