31 հոկտեմբերի 2009 - 15:36 AMT
«Ժառանգությունը» դարձյալ քննադատում է Հայաստանի ղեկավարության գործողությունները
«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը նոյեմբերի 1-ին հայտարարություն է տարածել, որում քննադատել է Հայաստանի ղեկավարության գործունեությունը` նշելով, որ այն գործում է հայ ժողովրդի շահերին եւ կամքին հակառակ:
Անդրադառնալով ՀՀ ղեկավարության վարած ներքին եւ արտաքին քաղաքականությանը` պատգամավորն ընդգծել է, որ իշխանություններն առաջնորդվում են «խմբակային մտածողությամբ» եւ ընդունակ չեն հաղթահարել երկրի առջեւ ծառացած մարտահրավերները: Դրա իսկ ապացույցներն են, ըստ Փոստանջյանի, խոսքի ազատության բացակայությունը, կցորդ եւ հլու դատական իշխանությունը, շարունակաբար կեղծվող ընտրությունները, 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները, քաղաքական հայացքների համար հալածվող բազմաթիվ քաղաքացիներ` նորօրյա քաղբանտարկյալները, խաղաղ ցույցերի արգելումները եւ բռնաճնշումները եւ, այս ամենի տրամաբանական շարունակություն` աճուրդի դրված սրբազան հայրենիքը` թուրքական արձանագրություններ եւ Արցախի տարածքների հանձնում: