31 հոկտեմբերի 2009 - 18:14 AMT
«Արցախի ձայները» շրջագայում են Գերմանիայում
Հոկտեմբերի 30-ին Գանաու քաղաքում տեղի ունեցավ «Արցախի ձայներ» խմբի համերգը, իսկ այսօր այն ելույթ կունենա Հեպպինգենում:

Համերգաշրջանը կազմակերպել է ԼՂՀ ներկայացուցչությունը Ֆրանսիայում ու Գերմանիայում Հեսսենի եւ Բադեն-Վյուրտեմբերգի հայկական եկեղեցական համայնքի հետ համատեղ, մոսկվաբնակ արցախցի բարերար Էդուարդ Ղուլյանի ու «Արմավիա» ավիաընկերության ֆինանսական աջակցությամբ:

Նշենք, որ մինչ Գերմանիա ժամանելը, «Արցախի ձայները» հանդես են եկել համերգով Ֆրանսիայում, որից հետո դերասան Նարեկ Դուրյանի ուղեկցությամբ ժամանեցին Գերմանիա:

«Սա չափազանց կարեւոր իրադարձություն է մեզ համար: Մենք միշտ լսում ենք Ղարաբաղի մասին քաղաքական համատեքստում: Շատերի մոտ, ով չի եղել Ղարաբաղում, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ղարաբաղը բացառապես հակամարտության գոտի է ներկայացնում իրենից: Իսկ համերգի շնորհիվ մենք բոլորս տեսանք Արցախն իր ավանդական եւ ժամանակակից երգերով, պարերով, եւ այս ամենն ուղեկցվում է լավ բեմականացմամբ»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբե Իսախանյանը:

Ըստ նրա, շրջագայության ժամանակ խմբի մասնակիցները խմբի ղեկավար Սուսաննա Պետրոսյանի ղեկավարությամբ հանդես եկան Գանաուի համերագսրահում:

«Արցախի ձայներ» խումբը հիմնադրվել է երգեցողության եւ դաշնամուրի պրոֆեսոր Լիրա Քոչարյանի նախաձեռնությամբ 2003 թվականին: Այն ներկայացնում է Արցախի ժողովրդական երաժշտության ողջ բազմազանությունը: Խումբը կազմված է 5-25 տարեկան 25 հոգուց` երգիչներից, դերասաններից, երաժիշտներից, որոնք մանկուց են զբաղվում երգով ու պարով: