2 նոյեմբերի 2009 - 14:27 AMT
Հայաստանի ժողովրդական դիվանագիտության խոցելիությունը բացատրվում է կրթվածության անբավարար մակարդակով
«Ժողովրդական դիվանագիտության գործում Հայաստանը չի կարող առաջընթաց գրանցել, եթե չկա կրթվածության բարձր մակարդակ»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքերով, ժողովրդական դիվանագիտությունը խոսքի արվեստ է, այն հնարավոր է իրականացնել միայն այն դեպքում, երբ սերունդը բավականաչափ կրթված է: «Ինչպես ժողովրդական, այնպես էլ պրոֆեսիոնալ դիվանագիտությունը Հայաստանում չի իրականացվում պատշաճ մակարդակով, քանի որ կատարողները բավականաչափ կրթված չեն»,-ասել է Բախշյանը:

Նա նաեւ կարեւորել է ժողովրդական դիվանագիտությունը, քանի որ այն կարող է նպաստել ԼՂՀ ներգրավմանը բանակցային գործընթացին ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում: «Դրա համար մեր ղեկավարությունը պետք է պնդի, որպեսզի յուրաքանչյուր հանդիպմանը ադրբեջանցի գործընկերների հետ ներկա լինեն նաեւ Արցախի ներկայացուցիչները»,-ասել է պատգամավորը:

Անդրադառնալով ՌԴ Պետդումայում հայ խորհրդարանականների հանդիպմանը ադրբեջանցի գործընկերների հետ` Բախշյանը նշել է, որ այդ քննարկումը առավել արդյունավետ կլիներ, եթե ներկա լինեին նաեւ ԼՂՀ խորհրդարանի պատգամավորները: «Ես չեմ հավատում այն խոսակցություններին, թե այնտեղ քննարկվել են միայն հայ-ադրբեջանական խնդիրները, ուստի Արցախի ներկայացուցիչների մասնակցությունն աննպատակահարմար են գտել: Չի կարող այնպիսի հանդիպում լիմել Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ, որտեղ չքննարկվի ԼՂՀ խնդիրը»,-ասել է պատգամավորը: