2 նոյեմբերի 2009 - 14:55 AMT
Մոսկվայում Հայաստանի քաղաքացու դեմ պատվիրված սպանություն է կատարվել
Մոսկվայում հերթական պատվիրված սպանությունն է կատարվել Հայաստանի քաղաքացու դեմ: Այս անգամ հանցագործների զոհն էր դարձել 34-ամյա հայաստանցին: Ինչպես հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները, հանցագործությունը կատարվել է Պալեխսկայա փողոցի 131 տան մոտ:
Նոյեմբերի 1-ին ոստիկանություն են զանգահարել անցորդները եւ հայտնել կրակոցների մասին: Տեղ հասած օպերատիվ աշխատակիցները հայտնաբերել են 34-ամյա Հովհաննիսյանի մարմինը, որի թիկունքի վրա հայտնաբերվել են հրազենի հինգ կրակոցի հետքեր, ինչպես նաեւ դանակի մեկ հարված գլխին:
Տեղանքն ստուգող ոստիկանները հայտնաբերել են կասկածելի Porsche Cayenne մեքենա, որի նստարանին հայտնաբերվել են արյան հետքեր, իսկ հետնամասում թափված էին կրակած պարկուճներ եւ 9 մմ տրամաչափի փամփուշտ: Չի բացառվում, որ հենց այդ մեքենայում էլ կատարվել է հանցագործությունը:
Օպերատիվ աշխատակիցների տվյալների համաձայն, մահացած անձը Հայաստանի քաղաքացի է, Մոսկվայում պաշտոնապես ոչ մի տեղ չէր աշխատում: Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», հարուցված է քրեական գործ: