3 նոյեմբերի 2009 - 18:06 AMT
Գերմանիայի նախկին կանցլերը հանդես է գալիս ԵՄ-ում Թուրքիայի լիարժեք անդամության կողմից
Թուրքիայի ապագան լիարժեք անդամությունն է ԵՄ-ում: Այդ մասին, ելույթ ունենալով «Բոսֆորյան համաժողովում», հայտնել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը: Նա ափսոսանք է հայտնել, որ ԵՄ չի հասկանում Թուրքիայի դերը տարածաշրջանային խնդիրների լուծման գործում: «Թուրքիայի մուտքը ԵՄ հենց ի օգուտ Եվրամիության կլինի: Տասնամյակներ շարունակ Թուրքիան հուսալի գործընկեր է եղել Գերմանիայի ու Եվրամիության համար»,- ընդգծել է նախկին կանցլերը:

Նա Թուրքիայի կառավարությանը կոչ է արել շարունակել բարեփոխումները եւ համբերել եվրոպական ընտանիք մտնելու գործում: «Մենք միայն կշահենք, եթե ԵՄ-ն շարունակի իր ներքին ինտեգրացիոն քաղաքականությունն ու ընդլայնումը, եւ Թուրքիայի ԵՄ մտնելու միջոցով կամուրջ կստեղծվի արաբական աշխարհի հետ»,- ասել է Գերհարդ Շրյոդերը` ավելացնելով, որ Թուրքիայի հետ շարունակվող բանակցությունները պետք է հանգեցնեն միայն լիարժեք անդամության, հաղորդում է Xinhua գործակալությունը: