3 նոյեմբերի 2009 - 21:42 AMT
Հայաստանի եւ Հունաստանի Զինված ուժերը կշարունակեն փորձի փոխանակությունը հոգեւոր ծառայության ոլորտում
Նոյեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հունաստանի Զինված ուժերի հոգեւոր ծառայության ղեկավար, գնդապետ Գեորգիոս Ապոստոլակիդիսին: Զրույցի ընթացքում ընդգծվեց, որ Հայաստանի եւ Հունաստանի միջեւ ձեւավորված ռազմական եւ ռազմաքաղաքական համագործակցությունը, որտեղ իր ուրույն տեղն ունի նաեւ համագործակցությունը հոգեւոր ծառայության բնագավառում, ընթանում է շարունակական ընդլայնման ուղիով:

Ս. Օհանյանը շնորհակալություն հայտնեց գնդապետ Գեորգիոս Ապոստոլակիդիսին եւ նրա ղեկավարած կառույցին` երկկողմ համագործակցության, Կոսովոյում հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող եւ Հունաստանի ԶՈւ բարձրագույն հրամանատարաշտաբային դասընթացներին մասնակցող հայ զինծառայողներին հոգեւոր եւ խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար: ՀՀ պաշտպանության նախարարը հույս հայտնեց, որ փորձի փոխանակումը զինված ուժերի հոգեւոր ծառայության ոլորտում կկրի շարունակական բնույթ, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: