4 նոյեմբերի 2009 - 14:56 AMT
Թուրքիայում եւ Ադրբեջանում հայավախությունը թափ է հավաքում
Թուրքիայում եւ Ադրբեջանում հայավախությունը թափ է հավաքում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Քսենոֆոբիայի կանխման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Տիգրան Քոչարյանը: «Թուրքիայում հակահայկական տրամադրությունների հետ քաջ ծանոթացան հայ լրագրողները, որոնց ավտոբուսը քարկոծվեց Բուրսայում, որտեղ կայացավ Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի ազգային ընտրանիների միջեւ պատասխան հանդիպումը»,- ընդգծել է փորձագետը: Նրա խոսքով, Հայաստանի տեղեկատվական դաշտում աճում են Անկարայի եւ Բաքվի նկատմամբ հանդուրժողական տրամադրությունները, ինչը, ամենայն հավանականությամբ, խոսում է հայ ազգի մոտ արժանապատվության զգացումի բացակայության մասին:
Տիգրան Քոչարյանը նշել է նաեւ հայկական տեղեկատվական դաշտում միասնական պետական քաղաքականության մշակման անհրաժեշտությունը, որը կօգնի ընտրել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեղեկատվական պատերազմի մեթոդները: