4 նոյեմբերի 2009 - 17:52 AMT
Հայաստան. Կրթության եւ գիտության ոլորտի բյուջետային ֆինանսավորումը կրճատվել է 31 մլրդ դրամով
«2009թ. կրթության ու գիտության ակնկալվող ծախսերը կազմում են 108 մլրդ դրամ: Սակայն բյուջետային ֆինանսավորումն այս տարի կրճատվել է 31 մլրդ դրամով: ՀՀ ԱԺ նիստում տեղի է ունեցել 2010թ. կրթության եւ գիտության բյուջեի քննարկումը, եւ այդ նպատակների համար հատկացվել է 95 մլրդ դրամ»,-նոյեմբերի 4-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում նշել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Նրա խոսքերով, բյուջետային ծախսերի կրճատումը կապիտալ կլինի եւ չի անդրադառնա ուսուցիչների աշխատավարձերի եւ դպրոցների ֆինանսավորման վրա:
Արտակ Դավթյանը նաեւ պարզաբանել է իր տեսակետը հանրակրթական բարեփոխումների վերաբերյալ. «Ցանկացած դպրոց պետք է հստակ մասնագիտական ուղղվածություն տա: Մենք ձգտում ենք, որ Հայաստանի կրթական հաստատություններում տրված փաստաթղթերն ընդունվեն Եվրոպայի երկրներում, այսինքն ձգտում ենք ստեղծել կրթության միասնական տարածք: Դրան է ուղղված նաեւ Բոլոնիայի համակարգը»:
Եվս մեկ ցավոտ թեմա է դասագրքերի անորակությունն ու անմատչելիությունը, նշել է հանձնաժողովի նախագահը` հավելելով, որ հանձնաժողովը դեռ շատ աշխատանք ունի կատարելու այդ ուղղությամբ: