4 նոյեմբերի 2009 - 18:32 AMT
ԼՂՀ անկախության հնարավոր ճանաչման մասին Քեյդենաուի հայտարարության մեջ հաղորդագրություն կա նաեւ Հայաստանի համար
«Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը բավականին մեծ է: Այդ մասին են վկայում Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով օգնականի տեղակալ Թինա Քեյդենաուի վերջին հայտարարությունները եւ Միջազգային ճգնաժամային խմբի զեկուցումը», - Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Խոսելով Քեյդենաուի վերջին հայտարարության մասին, որտեղ ասվում էր, որ ԱՄՆ կճանաչի ԼՂՀ անկախությունը, եթե Ադրբեջանը վերսկսի պատերազմական գործողությունները, Սաֆարյանը նշեց, որ դա բացահայտ ճնշում է Ադրբեջանի վրա: «Դա նաեւ հաղորդագրություն է` ուղղված Հայաստանին այն մասին, որ հապաղել այլեւս չի կարելի եւ հարկ է ղարաբաղյան հակամարտությունը լուծել փոխադարձ զիջումների միջոցով», - նկատեց «Ժառանգության» խմբակցության ղեկավարը:

Համաձայն Սաֆարյանի խոսքերի, ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն միջոցը Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումն է կամ այդ հարցը Ազգային Ժողովի օրակարգում պահելը: Նա ավելացրեց նաեւ, որ այդ քայլով Հայաստանը կձեւավորի իր առավելությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, որից չի նահանջի:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի լրագրողի այն հարցին, թե արդյոք հենց ԼՂՀ անկախության ճանաչումը առիթ չի տա Ադրբեջանին պատերազմական գործողությունները վերսկսելու, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց, որ պատերազմի վերսկսումը կախված է ոչ թե ԼՂՀ անկախության ճանաչումից, այլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ներուժից: «Եվ հենց այստեղ է, որ մենք շատ անելիք ունենք Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմաքաղաքական հավասարությունը պահպանելու համար», - ընդգծեց խմբակցության ղեկավարը: