6 նոյեմբերի 2009 - 17:12 AMT
Հայկ Սարգսյան. Հայաստանում ՃՏՊ քանակի աննախադեպ նվազեցում է արձանագրվել
«Հայաստանում վիճակագրական տվյալների համաձայն ընթացիկ տարվա արդյունքում արձանագրվել է 1640 ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), զոհվել է 363 հոգի, 2260 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել: Անցյալ տարվա համեմատ ՃՏՊ թիվը կրճատվել է 176-ով, զոհվածների թիվը` 70 հոգով եւ տուժածների թիվը` 303 հոգով: Դա ՃՏՊ քանակի աննախադեպ նվազեցում է, քանի որ նախորդ տարիներին այդ ցուցանիշի դինամիկ աճ էր նկատվում: Մենք պետք է անենք ամեն հնարավոր բան, որպեսզի պահպանենք այս միտումը»,- նոյեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության ծրագրման, հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ, գնդապետ Հայկ Սարգսյանը:
Վարչության պետը նաեւ Երեւանում ՃՏՊ վիճակագրական տվյալներ բերեց, որոնց համաձայն 2009թ. ընթացքում արձանագրվել է 666 ՃՏՊ, որոնց արդյունքում զոհվել է 56 հոգի եւ 866 հոգի վնասվածքներ է ստացել: Անցյալ տարվա համեմատ ցուցանիշները նույնպես նվազել են. ՃՏՊ քանակը` 76 դեպքով, զոհվածների թիվը` 21 հոգով եւ տուժածների թիվը` 17 հոգով:
«ՃՏՊ քանակի նվազման պատճառների մասին միանշանակ խոսել չի կարելի, սակայն Ճանապարհային ոստիկանության պետի կողմից առաջադրված խնդիրների համալիր կատարման արդյունքում այդ ցուցանիշի նվազեցումը ենթադրվում էր: Ե'ւ վարորդները, ե'ւ հետիոտներն ավելի օրինապահ են դարձել»,- նշել է Հայկ Սարգսյանը:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին վարչության պետը պատասխանեց. «Մեր օրենսդրության մեջ չկա որեւէ օրենք, որն առավելություններ է տալիս պետական համարներով մեքենաներին, եւ այդ ավտոմեքենաների սեփականատերերը պետք է ենթարկվեն օրենքին, ինչպես հանրապետության բոլոր մյուս քաղաքացիները»:
Նա ընդգծել է նաեւ, որ 2009թ. ընթացքում ճանապարհը չնախատեսված հատվածում անցնելու համար տուգանվել է 1800 հետիոտն, թեեւ խախտումների քանակը շատ ավելին է եղել: Սակայն ճանապարհային ոստիկանության աշխատակիցները տուգանման քաղաքականությամբ չեն առաջնորդվում, նրանք գերադասում են բացատրել եւ նախազգուշացնել թե' հետիոտներին, եւ թե' վարորդներին նախքան նրանց տուգանելը: