6 նոյեմբերի 2009 - 18:59 AMT
Հայաստանը պատրաստ է զարգացնել հետագա համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Նոյեմբերի 6-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով Հյուսիսատլանտյան դաշնագրի կազմակերպության (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին:

Ողջունելով հյուրին` Ազգային ժողովի նախագահը կարեւորեց ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը եւ հայտնեց այն զարգացնելու հայկական կողմի պատրաստակամությունը: Զրուցակիցները համաձայնեցին, որ այն պետք է լինի թափանցիկ ու հասկանալի հայ հասարակության համար: Այդ համատեքստում նրանք քննարկեցին ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախաձեռնությունները, ինչպես նաեւ Հայաստանում զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության ուղղությամբ իրականացվող բարեփոխումները եւ արտակարգ իրավիճակների կառավարման բնագավառում համագործակցության ծրագրերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաեւ անդրադարձան տարածաշրջանային անվտանգության հարցերին, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: