7 նոյեմբերի 2009 - 15:56 AMT
Սերժ Սարգսյանի Հունգարիա այցի շրջանակներում նախատեսվում է մի շարք համաձայնագրերի ստորագրում
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 8-ին եռօրյա այցով կմեկնի Հունգարիա: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ԱԺ-ի հայ-հունգարական բարեկամության խմբի ղեկավար, պատգամավոր Գագիկ Մելիքյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյեմբերի 8-ի երեկոյան ՀՀ նախագահը կժամանի Բուդապեշտ:
Նոյեմբերի 9-ին Հունգարիայի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա Սերժ Սարգսյանի եւ Լասլո Շոլոմի առանձնազրույցը: Դրանից հետո նախագահների մասնակցությամբ տեղի կունենա պավիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Երկու երկրների կառավարությունների միջեւ կստորագրվեն համագործակցության մի շարք համաձայնագրեր:
Այնուհետեւ Հայաստանի Հանրապետության եւ Հունգարիայի Հանրապետության նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Նույն օրը Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ Հունգարիայի խորհրդարանի նախագահ Բելա Կատոնայի հետ:
Բուդապեշտում Սերժ Սարգսյանը կայցելի Հերոսների հրապարակ, որտեղ ծաղկեպսակ կդնի հուշահամալիրում: Պետեֆի հրապարակում ՀՀ նախագահը ծաղկեպսակ կդնի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի խաչքարին:
Օրվա ավարտին Հունգարիայի նախագահ Լասլո Շոլոմի անունից ի պատիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կտրվի պետական ճաշ:
Նոյեմբերի 10-ին նախագահ Սարգսյանը կհանդիպի Կարդինալ Պետեր Էրդոյին եւ Հունգարիայի վարչապետ Գորդոն Բայնային, ապա եւ` հայ-հունգարական գործարար համաժողովի մասնակիցներին:
Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ Բուդապեշտի տեսարժան վայրեր:
ՀՀ նախագահը Հունգարիայի նախագահի հետ շրջայց կկատարի Բուդապեշտի ռազմական պատմության թանգարանում: