9 նոյեմբերի 2009 - 15:18 AMT
2009 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 422 807 զբոսաշրջիկ
2009 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 422 807 զբոսաշրջիկ: Դա 5,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: «2008 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 399 հազար 691 զբոսաշրջիկ: Անշուշտ, ֆինանսական ճգնաժամը կանդրադառնա Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակի աճի վրա, սակայն անկում չի լինի»,-ասել է վարչության պետը:

Ըստ նրա, Հայաստան զբոսաշրջիկներ են ժամանում հիմնականում ՌԴ-ից, Վրաստանից, ԱՊՀ այլ երկրներից, Եվրոպայից, Իրանից, ԱՄՆ-ից: «Շուրջ 60-62 տոկոսը ծագումով հայ են, սակայն վերջին տարիներին ընդլայնվում է այն երկրների աշխարհագրությունը, որտեղից զբոսաշրջիկներ են ժամանում Հայաստան: Օրինակ, վերջին 2 տարում զբոսաշրջիկների խմբեր են ժամանում Թուրքիայից, Լատինական Ամերիկայից եւ սկանդինավյան երկրներից»,-ասել է Մեխակ Ապրեսյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանն ու նրա ազդեցությանը ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման վրա` Մ.Ապրեսյանն ասել է, որ սահմանի բացումն ընդհանրապես դրական է ազդում այդ ոլորտի զարգացման վրա: «Թուրքիայի հետ սահմանի բացումը բարենպաստ ազդեցություն կունենա մեր երկրի ներգնա եւ արտագնա զբոսաշրջության զարգացման վրա: Բացի այդ, դա կնպաստի տարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը»,-ասել է Մ.Ապրեսյանը: