9 նոյեմբերի 2009 - 17:55 AMT
Ժողովրդական կուսակցությունը չի տեսնում որեւէ մեկին, որը կկարողանա նոր գաղափարներ ներմուծել Հայաստանի քաղաքական դաշտ
Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններին կարող էր իսկական նախընտրական պայքար ծավալվել միայն Նիկոլ Փաշինյանի մասնակցության դեպքում, որին չեն արձանագրել որպես թեկնածու»,- այսօր Երեւանում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցությունից պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

Կարապետյանի խոսքով, Ժողովրդական կուսակցությունն այդ ընտրատարածքում առաջիկա ընտրություններում ոչ մեկին չի օժանդակելու, քանի որ նրանց մեջ նոր դեմքեր չի տեսնում, ովքեր կկարողանային նոր գաղափարներ ներմուծել Հայաստանի քաղաքական դաշտ:

Խոսելով ընտրությունների անցկացման գործընթացի մասին` Կարապետյանը նշեց, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են բոլոր մակարդակներում, եւ իշխող վերնախավը ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում է դրան եւ միջոցներ չի ձեռնարկում իրադրությունը շտկելու համար:

ՀՀԿ ներկայացուցիչ Լեռնիկ Ալեքսանյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում ընտրությունները, ըստ էության, նորմալ են ընթանում, չնայած որոշ կեղծումներին, որոնք զգալիորեն չեն ազդում ելքի վրա:

Ինչ վերաբերում է Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններին, ապա Ալեքսանյանը հայտնեց, որ ՀՀԿ-ն առայժմ չի որոշել, թե թեկնածուներից ում է ինքն օժանդակելու: