9 նոյեմբերի 2009 - 19:41 AMT
Տիգրան Կարապետյանը դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նման ձեւով
«Մենք դեմ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացին, քանի որ այստեղ Հայաստանն ինքնուրույն քաղաքականություն չի վարում եւ իր քայլերը պայմանավորում է Թուրքիայի դիրքորոշմամբ»,- այսօր Երեւանում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցությունից պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
Կարապետյանի խոսքով, հայ-թուրքական հաշտեցումը մի մեծ տարածաշրջանային գործընթացի մի մասն է, որ իրագործվում է միջազգային հանրության կողմից, որտեղ համապատասխան նախադրյալներ են ստեղծվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար, եւ որը դժվար թե Հայաստանի օգտին լինի:
Կարապետյանը նաեւ նշեց, որ Հայաստանի այն քաղաքական ուժերը, որոնք ակտիվորեն հանդես չեն գալիս Արձանագրությունների վավերացման դեմ, դրանով իսկ օժանդակում են իշխանություններին: «Առաջին հերթին ես նկատի ունեմ Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ), որն այժմ լռում է»,- ընդգծեց Կարապետյանը:
ՀՀԿ ներկայացուցիչ Լեռնիկ Ալեքսանյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը ճիշտ է եւ ոչ մի դեպքում չի հակասում ժողովրդի շահերին, քանի որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլում ավելի ճիշտ կլինի, եթե հայկական կողմն Արձանագրությունները վավերացնի Թուրքիայից հետո:
Ալեքսանյանը նշեց նաեւ, որ ՀՀ ղեկավարության դիրքորոշման մեջ Հայաստանի շահերի համար ոչ մի վտանգավոր բան չկա, եւ եթե Արձանագրությունները չվավերացվեն թուրքական խորհրդարանում, «դա Թուրքիայի համար բացասական հետեւանքներ կունենա»:
Անդրադառնալով ՀԱԿ թեմային` ՀՀԿ ներկայացուցիչը նշեց, որ եթե այդ ընդդիմական բլոկը լռում է, որպեսզի չխանգարի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացին, դա կարելի է հասկանալ, քանի որ այդ բլոկի ներկայացուցիչները ժամանակին, Հայաստանում զբաղեցնելով կառավարող պաշտոններ, արտահայտվում էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին: «Մյուս կողմից, եթե նրանք լռում են այն պատճառով, որ ոչինչ չունեն ասելու, դա արդեն բոլորովին այլ հարց է»,- նկատեց Ալեքսանյանը: