11 նոյեմբերի 2009 - 16:29 AMT
Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցությունը կգործի քաղաքական որոշում ընդունելուց հետո 2-3 օրվա ընթացքում
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը կգործի քաղաքական որոշում ընդունելուց հետո2-3 օրվա ընթացքում, հայտարարեց Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համապատասխան քաղաքական որոշումներ ընդունվելու դեպքում, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը կվերականգնվի 2-3 օրվա ընթացքում», - ասաց նա:

Ինչպես նշեց նախարարը, երկրի երկաթուղային համակարգը միշտ էլ եղել է սարքին վիճակում, մշտապես կատարվում են պրոֆիլակտիկ աշխատանքներ եւ սահմանամերձ գոտին ամբողջությամբ պատրաստ է շահագործման: Սարգսյանն ավելացրեց նաեւ, որ ժամանակի ընթացքում, համապատասխան ներդրումների դեպքում միջսահմանային երկաթուղային հաղորդակցությունը կարող է իրականացվել ավելի բարձր մակարդակով:

Ինչ վերաբերում է ավտոմոբիլային ճանապարհներին, ապա, նրա խոսքերով, Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող վարկային ծրագրի շրջանակներում կատարվում են որոշ վերականգնողական աշխատանքներ, մասնավորապես, սահմանամերձ Մարգարա գյուղի ուղղությամբ: Սարգսյանն ավելացրեց, որ Գյումրիի ուղղությամբ նույնպես վերականգնվում են ճանապարհները, որոնց միջոցով կհաղորդակցվեն սահմանամերձ շատ գյուղեր: «Այդ ուղղությամբ նախարարությունում որոշ ծրագրեր կան, որոնք կիրականացվեն 2010 թ.», - հայտնեց նախարարության ղեկավարը: