13 նոյեմբերի 2009 - 10:51 AMT
ԱՀՀ-ն ողջունում է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը Ջոն ՄըքՔեյնի կողմից
Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) նամակ է հղել ամերիկացի սենատոր Ջոն ՄըքՔեյնին, որտեղ իր երախտագիտությունն է հայտնել սենատորին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին սատարելու համար:

«Մենք վստահ ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ԱՄՆ-ի կողմից չպետք է դառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատանդը, եւ այդ համատեքստում Համագումարը ողջունում է ՄըքՔեյնի հայտարարությունը»,-ասել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին` հավելելով, որ Համագումարը կողմ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Սենատորին հասցեագրված նամակում Արդունին ասել է, որ ԱՄՆ-ն պետք է առավելագույնս նպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը այդ պատմական փաստի ժխտման քարոզարշավի ֆոնի վրա:

ԱՀՀ-ն կոչ է արել սենատորին սատարել ԱՄՆ Սենատ ներկայացված Հայոց ցեղասպանության մասին 316-րդ բանաձեւին:

Ավելի վաղ Ջոն ՄըքՔեյնը հայտարարել է, որ բավականաչափ փաստաթղթեր գոյություն ունեն, որոնք վկայում են հայ ժողովրդի Ցեղասպանության մասին: