13 նոյեմբերի 2009 - 16:46 AMT
Ցույցերի միայն 7%-ում է ոստիկանության կողմից բռնություն արձանագրվել
Նոյեմբերի 13-ին Երեւանի Կոնգրես հյուրանոցում կայացավ «Հայաստանում ազատ ցույցերի անցկացման ազատության մոնիթորինգ» զեկույցի շնորհանդեսը: Մոնիթորինգն անցկացվել էր Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից: Միջոցառմանը մասնակցում էին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեխեն, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ինչպես նաեւ փորձագետներ Բրիտանիայից եւ Հայաստանից:
Աշխատանքի արդյունքների շնորհանդեսի ժամանակ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ անցկացվել է 2008թ. սեպտեմբերից 2009թ. հունիսն ընկած ժամանակահատվածում անցկացված մոտ 100 ցույցերի մոնիթորինգ: Խոսելով ցույցերի ժամանակ իրավապահ մարմինների վարքի մասին` նա նկատեց, որ հետազոտված միջոցառումների ողջ քանակից 39%-ում ոստիկանության անօրինական միջամտություն է արձանագրվել, իսկ դեպքերի 7%-ում բռնություն է կիրառվել:
Իշխանյանն ընդգծեց, որ հետազոտվել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից ցույցերի անցկացումը թույլ տալու կամ մերժելու ընթացակարգը եւ դրանց հիմնավորվածությունը: «Շատ դեպքերում քաղաքապետարանը թույլ չի տվել ցույց անցկացնել` հիմնվելով իրավապահ մարմինների եզրակացությունների վրա այն մասին, որ այդ միջոցառումների ժամանակ սադրանքներ են հնարավոր: «Սակայն, ի հեճուկս որոշումների, միջոցառումներն անցկացվել են, եւ ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, ոչ մի սադրանք չի եղել, ինչը ոստիկանության տեղեկատվության սխալականության ակնհայտ օրինակ է»,- նշեց Ավետիք Իշխանյանը:
Նա նկատեց նաեւ, որ շատ դեպքերում միջոցառման անցկացման վայրում գտնվող ոստիկանները տեղյակ չէին «Ցույցերի, երթերի եւ հավաքների անցկացման մասին» ՀՀ օրենքին: Այդ ենթատեքստում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահն առաջարկեց իրավապահ մարմինների համար հատուկ դասընթացներ անցկացնել օրենսդրական նորմերն ուսուցանելու նպատակով: