13 նոյեմբերի 2009 - 17:14 AMT
2010 թ-ն Իտալիայի խոշոր քաղաքներում կանցկացվեն Մինաս Ավետիսյանի գործերի ցուցահանդեսները
«Ես երկար եմ պատրաստվել Հայաստան իմ այցին եւ համարում եմ այն ճակատագրական: Մանկության տարիներին ես ապրել եմ Վենետիկում եւ տեսնում էի Սբ. Ղազար կղզին, որը ամբողջ աշխարհում հայկական մշակույթի խորհրդանիշն է: Հետո ես տեղափոխվեցի Նեապոլ եւ բնակվեցի Սբ. Գրիգոր Լուսավորչի եկեղեցու մոտ: Այդ իրոք ճակատագիր է», - ասել է այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում արվեստաբան, Նեապոլի գեղեցիկ արվեստների ակադեմիայի պրոֆեսոր Ֆրանչեսկո Գալոն:

Սա Գալոյի երկրորդ այցն է Հայաստան: Այցի նպատակն է` պատրաստել Մինաս Ավետիսյանի գործերը Իտալիայի քաղաքներում ցուցահանդեսներ կազմակերպելու համար եւ արվեստի դասախոսություններ անցկացնել հայկական բուհերի ուսանողների եւ դասախոսների համար:

Նա ընդգծել է, որ Մինաս Ավետիսյանի ցուցահանդեսները մասշտաբային կլինեն` նախատեսվում է ցուցադրել մոտ 100 գործ Իտալիայի ամենամեծ եւ լավագույն սրահներում: Այդ պատճառով կազմակերպչական աշխատանքները պահանջում են երկար եւ քրտնաջան աշխատանք: «Ցուցահանդեսները տեղի կունենան 2010 թ-ն, ավելի հստակ չեմ կարող ասել, որովհետեւ ցուցահանդեսը պետք է կազմակերպվի լավ եւ ոչ թե արագ», - ասել է Ֆրանչեսկո Գալոն:

Իր հերթին Մինաս Ավետիսյանի որդի Նարեկ Ավետիսյանը, նկարչի անունից խոստացավ ամեն ինչում աջակցել Գալոյին:

Իր նախորդ այցի ժամանակ պրոֆեսորը դժգոհություն հայտնեց Մինասի գործերի պահպանման պայմաններով Երեւանի Ժամանակակից թանգարանում: Այս անգամ նա նշեց փոքր դրական տեղաշարժ:

Ֆրանչեսկո Գալոն կիրակի օրը կմեկնի Իտալիա, որտեղ նա կհանդիպի Իտալիայում Հայաստանի դեսպանի եւ Իտալիայի մշակույթի նախարարի հետ: