13 նոյեմբերի 2009 - 17:22 AMT
Ռուսլան Իբրահիմբեկով. «Ինտելեկտուալ անջատողականությունից ավելի սարսափելի բան չկա»
Նոյեմբերի 13-ին Պոդմոսկովիեում ՌԴ Պետֆիլմ հիմնադրամում աշխատանքներն ավարտեց ԱՊՀ եւ Բալթյան երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների 2-րդ միջազգային դպրոցը, որին մասնակցում էին 13 երկրներից ժամանած 41 ունկնդիր: Միջազգային կինոդպրոցը կազմակերպել էին ՌԴ Պետֆիլմ հիմնադրամը եւ կինեմատոգրաֆիստների միությունը` ԱՊՀ մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, հաղորդում է ՄՊՄՀ-ի մամլո ծառայությունը:

Կինոդպրոցի ծրագիրն այս տարի նույնքան հագեցած էր, որքան անցյալ տարի. 36 ժամ կինոյի, դրամատուրգի եւ օպերատորի, ռեժիսորի վարպետության դաս, 18 ժամ հրավիրված ռեժիսորների, պրոդյուսերների, օպերատորների, դրամատուրգների վարպետության դաս, 28 ժամ կինոժապավենի դիտում, 17 ժամ կինոդպրոցի մասնակիցների առաջին ֆիլմերի դիտում:
Կինեմատոգրաֆիստների միության նախագահ, կինոդպրոցի ղեկավար Ռուսլան Իբրահիմբեկովն ասաց. «Ըստ էության, երկու տարվա ընթացքում կինոդպրոցը դարձավ կրթական հիմնարկություն: Շատ տարիների ընթացքում գոյատեւեց ազգային կինեմատոգրաֆիայի ֆորումը: Գալիս էին ամենատաղանդավորները` վերջին նկարահանումներով, եւ մենք դրանք դիտում էինք Մոսկվայում: Վերջին ֆորումի ժամանակ, երբ եկան երիտասարդները, արդեն հասկանալի էր, որ նրանց կինոդպրոց է հարկավոր` որպես կրթական հիմնարկություն»:

Նա նաեւ նշեց. «Ամենահզոր ինտելեկտուալ էներգիան տեղեկատվությունն է: Ինտելեկտուալ անջատողականությունից ավելի սարսափելի բան չկա: Քաղաքական անջատողականությունը, միգուցե, երբեմն տալիս է ինչ-որ արդյունք, հենց թեկուզ խորհրդային երկրի փորձը ցույց տվեց, որ հզոր երկրի կործանումը ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Աշխարհում հազարավոր հիմնադրամներ կան, որոնք աջակցում են մշակութային կապերին: Իսկ մենք ընդամենը մեկն ունենք` ՄՊՄՀ, որի համար երջանիկ ենք»:

2-րդ կինոդպրոցի ընթացքում երիտասարդ տաղանդների հետ պարապմունքներն անցկացնում էին հայտնի վարպետները` Ռուսլան Իբրահիմբեկովը, Ռոման Բալայանը, Վլադիմիր Կլիմովը, Նիկոլայ Լեբեդեւը, Վալերի Ռուբինչիկը, Լարիսա Սադիլովան, Ալեքսեյ Հերման կրտսերը, Իգոր Կլեբանովը, Սերգեյ Լավրենտեւը, Մարինա Ռազբեժկինան, Լեոնիդ Յարմոլնիկը, Նատալյա Ռյազանցեւան, Պավել Ֆինը, Բախտիար Խուդոյնազարովը: