13 նոյեմբերի 2009 - 18:03 AMT
Ռումինիայում անցկացվել են «Հայկական ֆիլմերի օրեր»
Նոյեմբերի 9-11-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկայի քաղաքային մշակույթի տան սրահում անցկացվել են «Հայկական ֆիլմերի օրեր»` Ռումինիայում Հայաստանի դեսպանության, Կլուժ-Նապոկայի քաղաքային մշակույթի տան եւ Ռումինիայի հայոց միության Կլուժի մարզային բաժանմունքի համագործակցությամբ:
Բացման արարողությանը հանդես են եկել Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը, Կլուժ-Նապոկայի քաղաքապետարանի մշակույթի եւ կրթության դեպարտամենտի տնօրեն Իոն Քրիստոֆերը (Ion Kristofer), Կլուժ-Նապոկայի քաղաքային մշակույթի տան ներկայացուցիչ Վիլյամ Բոդիչեանուն (William Bodieceanu), Ռումինիայի հայոց միության Կլուժի բաժանմունքի քարտուղար, նկարչուհի Ազատուհի Վարդուկա-Խորենյանը (Azaduhi Varduca-Horenian):
Կինոդիտումներում ընդգրկված էին Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», «Հակոբ Հովնաթանյան», Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ», Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմերը, փաստագրական ֆիլմ Հայաստանի վերաբերյալ, ինչպես նաեւ Ռումինահայոց միության կողմից ստեղծված «Արմենոպոլիս»` հայերի կողմից 1700 թ. Տրանսիլվանիայում հիմնված Արմենոպոլիս, ներկայումս` Գերլա (Gherla) քաղաքի մասին եւ «Ստրունգա» («Strunga»)` 1923 թ. Ռումինիայի Ստրունգա բնակավայրում ապաստան գտած հայոց ցեղասպանությունից փրկված որբերի մասին ֆիլմերը:
Կինոդիտումներին ներկա էին Կլուժի պետական մարմինների, ստեղծագործական մտավորականության, ուսումնական հաստատությունների, հայ համայնքի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Միջոցառման շրջանակներում Կլուժ-Նապոկայի մշակույթի տան հարակից սրահում կազմակերպվել էր «Հայաստա». երկիրն ու մարդիկե լուսանկարչական ցուցահանդեսը: