13 նոյեմբերի 2009 - 18:08 AMT
Երեւանի Մատենադարանում այսօր նշեցին «Ազդարար» ամսագրի 215 ամյակը
«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել «Ազդարար» ամսագրի 215 ամյակին, նրա վերածննդին ու հայրենիք վերադարձին նվիրված միջոցառմանը: Ամսագրի գոյությունն ունի մեծ նշանակություն ե'ւ պատմական, ե'ւ ազգային, ե'ւ փաստագրական, ե'ւ հոգեւոր առումներով: Ես գտնում եմ, որ սեփական երկիրը լքած մարդկանց համար լեզուն է հայրենիքը: Այդ պատճառով նրանք մեծ ուշադրություն են դարձնում մայրենի լեզվով գրքերի, ամսագրերի, թերթերի հրատարակմանը: Այդ է հաստատում «Ազդարար» -ը, որն այսօր 215 տարեկան է: Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Հայրենիքը հարուստ է իր սփյուռքով, իսկ սփյուռքը` իր հայրենիքով: «Ազդարարն» ինձ համար կամուրջ է, որը կապում է անցյալն ու ներկան եւ տանում է դեպի ապագա, ինչպես նաեւ կամուրջ է Հայաստանի եւ սփյուռքի միջեւ», - իր ողջույնի խոսքում ասաց Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` «Ազդարար» ամսագրի 215 ամյակին նվիրված հանդիսավոր տոնակատարության ժամանակ: Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության բարձր պարգեւով` պատվոգրով պարգեւատրեց ամսագրի գլխավոր խմբագիր Մարտիկ Սարգսյանին:

Արարողությունը բացեց Մայր աթոռ սբ. Էջմիածնի միաբան Տիգրան Բաղումյանը` հոգեհանգստի աղոթք կարդալով ամսագրի առաջին հրատարակիչ Հարություն Շմավոնյանի համար:

Միջոցառմանը ներկա էին «Ազդարարի» նոր հրատարակության տնօրեն Միքայել Միրիջանյանը, գլխավոր խմբագիր Մարտիկ Սարգսյանը եւ նրա կինը, խմբագիր Գրետա Անդրեասյանը եւ ամսագրի պատվո խորհրդի շատ անդամներ: Հյուրերից շատերին հանձնեցին շնորհակալագրեր:
Գրետա Անդրեասյանը շնորհեց երկու հատուկ պատվոգիր` Վահագն Աղաջանյանին` ամսագրին դժվարին ժամանակաշրջանում աջակցելու համար հանձնեց «Ծանր օրերի բարեկամ» անվանակարգով, եւ Ռաֆայել Սահակյանին` «Հայերի խնդիրների լուսաբանման համար» անվանակարգով:

«Ազդարարը» Ասիայի երկրների առաջին հրատարակությունն է, որը մեծ պատիվ է մեզ համար: Այսօր ամսագիրը տպագրվում է Կալկաթայում: Նրա վերականգնումը հետապնդում էր մեր լեզվի եւ մշակույթի, ինչպես նաեւ ինքնագիտակցության, հոգեւոր արժեքների եւ հավատի պահպանման նպատակ: Այդ արժեքները համարյա մոռացվում են սփյուռքում: Մենք ուզում էինք, որ ամսագիրը նախ այցելի հայրենիք, ապա վերադառնար Հնդկաստան: Այսպիսով, մենք արժանին հատուցեցինք Հարություն Շմավոնյանի հիշատակին, որը երազում էր վերականգնել իր ամսագրի հրատարակումը», - PanARMENIAN.Net - ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասաց Գրետա Անդրեասյանը:

«Ազդարար» ` ամսագիրը հայերեն առաջին պարբերական հրատարակությունն է, Հնդկաստանում հայկական համայնքի առեւտրաբուրժուազիայի տպագիր մարմինը: Հրատարակվել է 1794 թ. հոկտեմբերից մինչեւ 96 թ.` Հարություն Շմավոնյանի խմբագրությամբ: Ընդհանուր թվով հրատարակվել է 18 համար: «Ազդարար»-ում, բացի առեւտրային, տնտեսական, քաղաքական նորություններից, տպագրվում էին նաեւ գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ եւ պատմական աշխատանքներ: Տպագրվում էին նաեւ թղթակցություններ Ռուսաստանից, մասնավորապես` հայերի համար Եկատերինա 2-րդ թագուհու կառուցած Գրիգորիոպոլ քաղաքից: