14 նոյեմբերի 2009 - 10:55 AMT
Բելառուսի դեմ եւս մեկ տարի պատժամիջոցներ չեն կիրառվի
Եվրամիությունը հաջորդ շաբաթ մինչեւ 2010 թվականի հոկտեմբեր կերկարացնի Բելառուսի հանդեպ կիրառվող պատժամիջոցներից ժամանակավորապես հրաժարվելու ժամկետը, ասվում է ԱԳՆ հանդիպման համար նախապատրաստված հայտարարության նախագծում: Հայտարարության նախագծում ասվում է, որ ավելի տեւական հրաժարումը Մինսկի դեմ պատժամիջոցներից, հնարավոր դարձավ բանտերից բելառուսական ընդդիմության ներկայացուցիչներին ազատ արձակելու շնորհիվ, հաղորդում է Ռոյթերսը: ԵՄ ԱԳ նախարարների նիստը տեղի կունենա նոյեմբերի 16-17-ին:

Սակայն պատժամիջոցներն ընդհանրապես չեղյալ հայտարարելու մասին խոսք չկա, քանի որ Բելառուսը դեռեւս ժողովրդավարական բարեփոխումներ չի կատարել, ինչը պնդում է ԵՄ-ն` պահանջելով շտկումներ կատարել ընտրությունների համակարգում եւ պահպանել մարդու իրավունքները` հրաժարվելով ընդդիմադիրներին հետապնդելուց:

Քաղաքական բարեփոխումներից բացի, ԵՄ-ն Մինսկից ակնկալում է մահապատժի կիրառման սառեցում, իսկ հետագայում` հրաժարում բարձրագույն պատժից:

Եվրամիությունը արգելք է սահմանել 36 բելառուս պաշտոնյաներին եվրոպական վիզաների տրամադրման հարցում` ներառյալ նախագահ Լուկաշենկոյին, այն բանից հետո, երբ խախտումներ հայտնաբերվեցին 2006թ. ընտրությունների ժամանակ: Սակայն 2008թ. հոկտեմբերին ԵՄ-ն դադարեցրեց պատժամիջոցների կիրառումը, սատարելու համար բարեփոխումներին նախկին խորհրդային հանրապետությունում: